2017-03-16

Թթվածին O2

Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է: Այդ պատճառով մեր զգայարաններն այն չեն ընկալում: Սակայն թթվածնի բացակայությունը կամ անբավարարությունը կզգանք անմիջապես. պարզապես շնչահեղձ կլինենք:
Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ:
Թթվածինը կարևոր է հատկապես նրանով, որ մենք շնչում ենք այն: Շնչառությունը Երկրի կենսոլորտի, կյանքի գոյատևման ամենակարևոր նախապայմանն է:
Թթվածինը մթնոլորտում գտնվում է ազատ վիճակում (O2) և կազմում է նրա հինգերորդ մասը: Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում: Մթնոլորտում թթվածնի կորուստը՝ օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով, բույսերը վերականգնում են լուսասինթեզով: Նրանք նույնպես շնչում են, սակայն դա տեղի է ունենում օրվա միայն մութ ժամերին՝ գիշերը:
Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում: Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն:
Այրումն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատմամբ: Այրվում են փայտը, ածուխը, թուղթը, բնական գազը, նավթը և այլն:
Կենսաքիմիական շարժընթացներում տեղի է ունենում դանդաղ օքսիդացում, որի ժամանակ թթվածնի հետ նյութի փոխազդեցությունն ընթանում է դանդաղ, ջերմությունն անջատվում է աստիճանաբար՝ առանց լույսի անջատման: Դանդաղ օքսիդացում են, օրինակ, խաղողաշաքարի (գլյուկոզի) օքսիդացումն օրգանիզմում, բույսերի մնացորդների փտումը, շնչառությունը, լուսասինթեզը, երկաթի ժանգոտումը խոնավ օդում:

Տեխնիկայում թթվածինը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ և ջրի էլեկտրոլիզով:

Комментариев нет:

Отправить комментарий