2015-02-16

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ
(1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Հովհաննես Թումանյան ինքնակենսագրություն




Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։
– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։
– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։
– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում... Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին...
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։
Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։
Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

Հովհաննես Թումանյանի դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

***

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***

Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: 
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***

Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

***

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

***

Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ: Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***

Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:

***

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

***

1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչ այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը (Գոլովինսկի պողոտա): Հայրիկը նախօրոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկը ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:

***

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***

Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:

***

Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը: 
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

***

ՊԱՀԱՐԵ

1917 թվականի հունվարի 14-ն էր: Մի ցուրտ, ձյունատարափ երեկո, Հովհաննես Թումանյանի անվանակոչության օրը:
Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էինք մեր ընկերներից մեկի բնակարանը, որը գտվում էր Բեհբության փողոցի № 60 շենքում, այն տան մեջ, ուր ապրում էր նաև անվանի վիպասան Շիրվանզադեն:
Գնել էինք ցուլի մի սիրունիկ սև արձան` բրոնզե աղջիկը վրան թիկնած, ոսկե ժապավենի վրա մակագրել. «Սիրելի Հովհ. Թումանյանին մի խումբ սկսնակ գրողներից»:
Որովհետև բոլորս միասին չէինք կարող գնալ շնորհավորելու` հարցը հեշտությամբ լուծեցինք հետևյալ ձևով: Մեր խմբակում ունեինք ընդամենը երեք կին գրող, բանաստեղծուհիներ` Լեյլի, Արմենուհի Տիգրանյան և Վարսենիկ Աղասյան, ուստի նրանց հանձնարարեցինք արձանը տանել և մատուցել Թումանյանին, որի բնակարանը գտնվում էր մեր հավաքատեղիին մոտիկ, իսկ մենք սպասում էինք:
Շատ չանցած` մեր պատգամավորների վերադարձի փոխարեն գալիս է Թումանյանի պատգամավորը, իր հետ բերելով մի սպառնական հրավեր.
-Եթե բոլորդ չգաք` նվերը ետ կուղարկեմ:
Ավելի քան քսան հոգի, իրար ետև թաքնվելով, ամոթխած ու անհամարձակ, մարմարե աստիճաններով բարձրանում ենք Վոզնեսենսկայա փողոցի №18 տան երրորդ հարկը: Դուռը բացվում է, և մենք ցրտից ու ամոթից կարմրատակած մտնում ենք Հովհաննես Թումանյանի լուսավոր դահլիճը:
Աղմուկն ու իրարանցումը սաստկանում են մի պահ, ապա մեղմանում, դառնում զվարթագին:
Թումանյանն ինքն է մոտենում մեզ, յուրաքանչյուրիս թևից բռնած տեղավորում սեղանի շուրջը:
Պարում են: Թև-թևի տված քոչարի են թռչում Թումանյանը, Շիրվանզադեն, զորավար Անդրանիկը և ուրիշներ: Հետզհետե ընտելանում, բացվում ենք, մասնակցելով ընդհանուր խրախճանքին:
Խմում են մեր կենացը:
-Աճեցեք-բազմացարուքին կենացը,- առաջարկում է ժողովրդական հերոս Անդրանիկը:
Հոտնկայս խլրտում: Բաժակների զարկոց: Բարեմաղթություններ…

***

ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների բացառիկ ու հազվագյուտ անհատականություններից էր: Նրան անծանոթ մարդուն կարող է չափազանցություն թվալ այն բոլորը, ինչ նրա մասին ասում են: Այդ մարդու մեջ այնքան հմայք կար, որ յուրաքանչյուրը, ում հետ նա սկսում էր խոսել, դառնում էր նրա բարեկամը: 
1917 թ. ամառն էր: Ես հենց նոր էի Մոսկվայից վերադարձել Թիֆլիս: Ինձ հետ ժամանել էր նաև Կ. Բալմոնտը:
Դա հեղափոխության հաղթանակի և նրա առաջին խոստումների իրագործման ժամանակաշրջանն էր:
Հովհաննես Թումանյանին ես առաջին անգամ տեսա վրացական ակումբի այգում, ընթրիքի ժամանակ, որը Բալմոնտի պատվին կազմակերպել էր Սանդրո Կանչելին:
Նա միանգամայն անկախ էր պահում իրեն ևետ չէր մնում Բալմոնտից էքսպրոմտներում, նույնիսկ ռուսերենով:
Մեկ ամիս անց “Слово” թերթում տպագրվեց Բալմոնտի բանաստեղծությունը “Тебе, Ованес Туманян”:
Ես դեռ մանկուց գիտեի, որ Կովկասը շատ անգամ է դարձել ազգամիջյան ընդհարումների թատերաբեմ: Առաջին մարդը, որ բոլորից ավելի էր տանջվում այդ մտքից, Հովհ. Թումանյանն էր: Նրա յուրաքանչյուր ելույթում, յուրաքանչյուր խոսքում զգացվում էր ցանկություն` կանխելու այդ չարիքը: Նրա անկեղծությանը հավատում էր ամբողջ առաջադեմ վրաց հասարակայնությունը: Այդ մասին վկայեց Թիֆլիսը, նրա քսանհինգամյա հոբելյանի օրը: Այդ հարցում գրաված Թումանյանի ազնիվ դիրքը դրդեց ինձ նրան բաց նամակ գրել, որը հրատարակվեց մամուլում: Իմ նամակին հետևեց նրա ընդարձակ, անկեղծ պատասխանը… Այդ նամակները այն ժամանակ շրջեցին Կովկասի ամբողջ մամուլը և թարգմանվեցին բոլոր լեզուներով…
Այստեղ էլ հարկավոր է ասել, որ Հովհաննես Թումանյանը իսկական նահապետի ազդեցություն ուներ հայ ժողովրդի վրա: Նրա խոսքը լսում էին… …Ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում նրա հմայքն անսահման էր: Նրա ընդարձակ բնակարանը, մեծ բուխարին և այդտեղ կառավարող արևելյան կոլորիտը ստեղծում էին բանաստեղծական իմպրովիզացիայի մղող ստեղծագործական հարմարավետություն:
Ամեն անգամ Հովհաննեսին այցելելիս մենք հանդիպում էինք նրա մոտ հավաքված հայ գրողների:
Հիշում եմ Հովհ. Թումանյանի հոբելյանի օրը, որն անցկացվեց Արտիստական թատրոնի դահլիճում: Թատրոնը լեփ-լեցուն էր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Պաոլո Յաշվիլին: Հոբելյանից հետո կայացավ բանկետ` հիացմունքի, սիրո և պոեզիայի պոռթկում:
…Վրաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարը վրաց գրողների պահանջով Հովհ. Թումանյանին թոշակ նշանակեց (Հովհաննեսի համար դա զուտ բարոյական նշանակություն ուներ): Այդ առիթով նա իր բնակարանում խնջույք կազմակերպեց, որին մասնակցեցին հայ և վրաց գրողներ:
Ամբողջ կյանքումս հիշողությանս մեջ կմնա այդ գիշերը, Վասիլի Բարնովի, Շիո Արագվիսպիրելիի, Կոտե Մաղաշվիլու, Պաոլո Յաշվիլու և Մամիկոն Գևորգյանի ելույթները:
Այդ գիշերը, որը մենք անվանեցինք «Խորհրդավոր ընթրիք», ես վերջին անգամ լսեցի Թումանյանի ելույթը:
Մտածելով Հովհաննեսի կյանքի վերջին րոպեների մասին, ես տեսնում եմ նրան, բարձրահասակ, սպիտակահեր, ամբողջ կյանքում բարեկամության և եղբայրության համար մարտնչող. նրա ջինջ դեմքին` հեզության արտահայտություն, իսկ նրա վերջին խոսքը` պարզ, հակիրճ, համոզիչ, ընդմիշտ հիշվող:

***

ԶԱՔԱՐ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

1918թ. մայիսի վերջերին Ղարաքիլիսայի տակ ուժեղ մարտեր էին մղվում նախկին Կովկասյան բանակի զորամասերի և Ալեքպոլի կողմից արշավող թուրքական կանոնավոր զորքերի միջև: Ես այն ժամանակ առաջին հայկական հրաձիգ դիվիզիայի շարքային զինվոր էի:
Վրա հասավ 1918թ. մայիսի 28-ի առավոտը, որը դարձավ ողբերգական էպոպեայի վերջը:
Սանահնի կայարանում աննկարագրելի իրարանցում էր: Այստեղ էին հավաքվել Ղարաքիլիսայից և մոտակա գյուղերից փախած մարդիկ, ինչպես նաև քայքայված զորամասերի զինվորներ և սպաներ: Կայարանը գտնվում էր գերմանական ռազմական հրամանատարության ձեռքին. գերմանական դրոշակը ծածանվում էր կայարանի շենքի ճակատին: 
Գնացքների երթևեկությունը դադարեցված էր. դա ավելի մեծ տագնապ էր առաջացնում: Բոլորս համակված էինք նույն մտքով` շարժվել դեպի Թիֆլիս, բայց ի՞նչ միջոցով: Չարագուշակ լուրեր էին պտտվում, թե այն գյուղերը, որոնց միջով պիտի անցնեինք, լցված են ավազակներով, որոնք թալանում, սպանում են բոլորին:
Այդ պահին երևաց Նիկիտա Ջաղեթյանը և հաղորդեց, որ կայարանում է Հովհ.Թումանյանն իր ընտանիքով: Ջաղեթյանի ասելով` բանաստեղծը գնացել էր զինվորական պարետի մոտ` կայարանում խմբված մարդկանց հետագա բախտի մասին բանակցելու: Թումանյանը վերադարձավ գերմանական պարետատնից, հայտարարելով, որ վագոն են տալու` կանանց և երեխաներին Թիֆլիս տեղափոխելու համար: Մենք թեթևություն զգացինք. համենայնդեպս փրկվելու են երեխաներն ու կանայք, մենք էլ մեզ համար ելք կգտնենք:
…Ժամանակն անցնում էր, իսկ խոստացած գնացքը չէր երևում: Անհանգստությունը սաստկանում էր, թշնամին շարժում էր դեպի Սանահին. մեզ նրանից բաժանում էր հազիվ 15-20կմ տարածություն:
Անհանգստացած բանաստեղծը դարձյալ դիմեց պարետին, բայց այս անգամ շատ վրդովված վերադարձավ. գերմանացի սպան հրաժարվել էր իր խոստումից, հայտարարել, թե «գերմանա-թուրքական բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս փոխադրամիջոց հատկացնել հայերին, անգամ երեխաներին ու կանանց: Թուրքական հրամանատարության պահանջով` գերմանացիները կայարանն ազատելու են և մեկնելու են Թիֆլիս: Մնացածները թող իրենք մտածեն իրենց մասին»:
…Գերմանացիների գնացքի վերջին սուլոցի հետ մարեց նաև մեր փրկության հույսը: Մենք ծուղակն էինք ընկել: Մարդիկ խումբ-խումբ հավաքված, տենդորեն քննարկում էին իրենց գլխում ծագած մտքերը. ոմանք առաջարկում էին երկաթուղու գծով քայլել դեպի Թիֆլիս, ոմանք պնդում էին թե, պետք է Թիֆլիս գնալ միայն լեռնային շավիղներով, ավազակներից խուսափելու համար: Կային, որ խորհուրդ էին տալիս մնալ Սանահինում, հանձնվել թուրքերին, հուսալով, որ թուրքերը կպահպանեն պատերազմի տարրական կանոնները և ձեռք չեն տա ռազմագերիներին:
Այն մարդիկ, որ մեկնեցին Թիֆլիս երկաթգծով, կամ լեռնային շավիղներով, զոհ գնացին Սադախլուի շրջանի մութ տարրերից կազմված ավազակախմբերի գազանային հարձակումներին: Իսկ նրանք, ովքեր մնացին Սանահինում և կամավոր կերպով հանձնվեցին թուրքերին, նույնպես գազանաբար սպանվեցին: Սանահին կայարանում լցված հազարավոր մարդկանցից փրկվեցին լոկ մի քանիսը…
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ճիշտ էր Թումանյանի որոշումը: Բանաստեղծը մենակ չէր, նրա հետ էր իր բազմանդամ ընտանիքը: Կինը` Օլգա Վասիլևնան, դուստրերը`Նվարդը, Անուշը, Արփիկը, Սեդան ու Թամարը, փոքր տղան` Արեգը, ավագ որդու` Մուշեղի կինը` Մարիա Արխիլևնան: Չափահաս որդիներից ոչ ոք նրա կողքին չէր, ուստի ինքը պետք է գտներ ահռելի սպառնալիքից փրկվելու միջոցը: Պատասխանը թելադրված էր հենց շրջապատող իրադրությունից: Շարժվել դեպի Թիֆլիս` խելացնորություն կլիներ: Մնալ կայարանում, որը շուտով գրավելու էին թուրքական զորամասերը, դա էլ ինքնասպանության հավասար մի բան էր: Ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքը Թումանյանի առաջարկն էր` լեռներում պատսպարվել, հարազատ Լոռու սակավաբնակ տեղերում մի ապաստարան գտնել:
Ընդունելով այդպիսի որոշում, բանաստեղծը առաջարկեց ընտանիքին շտապ պատրաստվել ճանապարհ ընկնելու: Թշնամին մոտենում էր:
Պատրաստությունները երկար չտևեցին: Տնային մի քանի իրեր բարձեցին ինչ-որ տեղից գտած իշուկի վրա և ճանապարհ ընկան:
Մեր «եռյակը» միացավ Թումանյանի ընտանիքին ոչ միայն նրա համար, որ խելացի էինք համարում այդ որոշումը, այլ մեր սրտի խորքում ունեինք երիտասարդներին հատուկ ասպետական մի զգացում. չէր կարելի անպաշտպան թողնել ծանոթ ընտանիքը մանավանդ Հովհ. Թումանյանի, որը հիմա անօգնական ու անզեն էր, իսկ մենք` երիտասարդներս, զենք ունեինք: Մեր քարավանին միացան նաև երեք-չորս ինձ անծանոթ տղամարդիկ և մենք` մոտ քսան հոգի, շարժվեցինք առաջ:
Թողնելով Սանահինը, որի բնակչությունը խուճապահար դես ու դեն էր փախչում, մենք շարժվեցինք դեպի հարավ: Քայլում էինք Քոլագերան կայարանը տանող երկաթուղու ժապավենով:
Մենք և թուրքերը շարժվում էինք իրար դեմ: Մեզ բաժանող տարածությունը քայլ առ քայլ նվազում էր, մենք թշնամուն էինք մոտենում: Ինչո՞վ բացատրել մեր խմբակի այդ տարօրինակ շարժումը` դեմ հանդիման այն վտանգի, որից մարդիկ փախչում էին:
Բանն այն էր, որ նախքան փրկարար լեռների վերելքն սկսելը անհրաժեշտ էր հասնել Դեբեդի փոքրիկ կամրջին, որը գտնվում էր Սանահինից հարավ` 5-6 կմ հեռավորության վրա:
…Մի ժամից ավելի էր Սանահինից դուրս էինք եկել և քայլում էինք անդադար. Ճանապարհի մեծ մասն անցել էինք արդեն: Սրտներիս մեջ հույս ծնվեց, թե մեզ կհաջողվի խուսափել թուրքերին հանդիպելուց: ես քայլում էի Նվարդի կողքից. զրուցում էինք ինչ-որ գրական հարցի մասին, երբ հանգչող երեկոյի խաղաղ հանդարտությունը միանգամից ճեղքեց շոգեքարշի սուլոցը: Մենք մեխվեցինք տեղում:
Սուլոցը գալիս էր հեռվից , բայց մեզ համար պարզ էր, որ թուրքերից առաջ չէինք հասնի կամրջին, արդեն ուշ էր.
Նիկիտան ականջը գետնին դրեց և վեր կենալով ասաց, որ մոտեցող գնացքի թնդյուն է լսվում: Լարված ու լուռ կանգնել էինք: Լռությունն ընդհատեց Թումանյանը.
-Հրացանավորներ,-ասաց նա, դիմելով մեզ` տղամարդկանց,-թաքնվեցեք թփերի մեջ, աջ կողմում, իսկ կանայք կանգնեն ձախ կողմը:
Մեր մեղմ, միշտ ժպտադեմ բանաստեղծը այս բառերն արտասանեց այնպիսի հրամայողական, առարկություն չհանդուրժող շեշտով, որ բոլորս իսկույն հնազանդվեցինք: Հրացանավոր տղամարդիկս երկաթուղու գծից թեքվեցինք դեպի աջ և թաքնվեցինք խիտ թփերի ետևում: Վերջին վայրկյանին Նվարդն իր վրայից հանեց և ուսերիս գցեց թեթև մի ուսածածկոց, իբր թե ինձ թաքցնելու համար: Հարկավ, կանացի այդ շալը ոչ մի դեր չէր կարող կատարել, զինված տղամարդը երբեք չէր կարող թաքնվել դրա տակ, սակայն աղջկա այդ արարքից ես շատ զգացվեցի:
…Շոգեքարշը դարձյալ սուլեց, այս անգամ ավելի մոտիկից: Նա առաջանում էր դանդաղ, ըստ երևույթին ուղարկված էր հետախուզման նպատակով: Մեքենավարը, գլուխը դուրս ցցած, նայում էր մեր հակառակ կողմը, որտեղ Թումանյանն իր ընտանիքի հետ կանգնած էր:
Թփերի միջից աչքս նրանց վրայից չէի կտրում, մինչև որ շոգեքարշը առջևս փակեց: Նրանք անշարժացել էին, երեսները դեպի շոգեքարշը դարձրած: Փաստորեն մենք գերի էինք ընկել, թեպետ հայտնի չէինք այն մարդկանց, որոնց գերիներն էինք դարձել: Մեր կյանքն այլևս մեզ չէր պատկանում, այն լիովին կախված էր մեր թշնամուց, որևէ մեկի քմահաճույքից, կույր պատահականությունից:
Փրկության հեռանկարը և կործանման վտանգը կիսվում էին, մեր տրամադրության տակ չկար որևէ միջոց` մեր ցանկությամբ իջեցնել կամ բարձրացնել նժարի ծանր կողմը: Լոկ մի բան կարող էինք անել` սպասել ու տեսնել, թե բախտն ինչ կբերի մեզ:
Անտարակույս, շոգեքարշի վրա պետք է որ զինված մարդիկ լինեին, բայց մեր թաքստոցից անտեսանելի էին: Նրանք շոգեքարշի մյուս կողմի վրա էին և երևի տեսնում էին մարդկանց այն խմբակը, որ կուչ էր եկել ձորափի եզրին: Շոգեքարշը շարժվում էր այնքան դանդաղ, որ նրա վրա եղած մարդիկ ազատ կերպով կարող էին ցած թռչել և վայրագություններ անել: Մենք` պատրաստ պաշտպանելու անօգնական կանանց, լուռ սպասում էինք դեպքերի ընթացքին:
Սակայն շոգեքարշն անցավ առանց կանգ առնելու և շուտով անհետացավ, իր երկարաձիգ սուլոցով մի անգամ ևս խանգարելով կիրճում տիրող հանդարտությունը:
Ինչո՞վ բացատրել, որ շոգեքարշը կանգ չառավ: Ըստ երևույթին, ձորափի եզրին կպած մարդիկ թշնամու ուշադրությանը չարժանացան, իսկ մեզէ թփերի մեջ թաքնված մարդկանց, չէին նկատել: Ո´վ գիտի, գուցե նրանք «հանգստանում» էին Ղարաքիլիսայիում կատարած արյունահեղությունից հետո, գուցե պատրաստվում էին Սանահինում նոր գազանություններ կատարել և ճանապարհին պատահած մի բուռ մարդիկ չէին հետաքրքրում նրանց: Երբ հեռացող շոգեքարշի անիվների թրխկոցը դադարեց, մենք դուրս եկանք ապաստարանից և միացանք բանաստեղծին ու նրա ընտանիքին: Ոչ ոք չէր խոսում:
Շալը Նվարդին վերադարձնելիս նկատեցի, որ նա լաց է լինում:
Արևի շողերն արդեն թաքնվել էին արդեն լեռնակատարների ետևում: Անտառախիտ լանջերի կանաչը հալվել էր, և Դեբեդից թեթև զովություն էր փչում, երբ մեր քարավանը մոտեցավ փափագած կամրջին: Թեպետ շոգեքարշը անհետացել էր, ասես կուլ էր գնացել ձորում, բայց վտանգը չէր անցել: Պարզ էր, որ թուրքական զորամասերը շարժվելու են դեպի Սանահին: Դանդաղել երկաթգծի վրա չէր կարելի: Շարունակում էինք մեր ճանապարհը: Քառորդ ժամ անց մոտեցանք բաղձալի կամրջին, որ կարծես թե հրավիրում էր մեզ լեռները բարձրանալու: Սովորական, գյուղական փայտե կամուրջ էր. մենք շարքով շարժվում էինք:
Կամուրջն անցնելուց հետո մենք գտանք լեռների խորքը տանող շավիղ: Դա ինձ համար անծանոթ վայր էր, չնայած եղել էի Սանահինում:
…Մութն ընկել էր վաղուց, երբ մենք հասանք մեծ բարձրության վրա, նախալպիական գոտու սահմանում գտնվող միմենավոր վայր: Այդ երեկո ո´չ ես, ո´չ ընկերներս չէինք հասկանում, թե որտեղ ենք գտնվում, մյուս օրը միայն մեզ համար պարզվեց, որ Կոնձաձոր անունը կրող ամառային քոչավայրում ենք, իսկ ապաստարան տվողը Թումանյանի հարազատ քույրն է, Իսկուհի Շահվերդյանը, որը ամռան ամիսներին այնտեղ էր բնակվում: Իմանալով սիրելի եղբոր` Հովհաննեսին և նրա ընտանիքին պատահած աղետի մասին, անմիջապես նրանց ետևից է ուղարկում մի երիտասարդի, որը մեզ բերեց այս ապաստարանը, թշնամու աչքից հեռու մի տեղ: Խեղճ կինը ենթադրում էր, թե հոգ է տանելու ութ-տասը մարդու համար, այնինչ հավաքվեցին մոտ քսան մարդ, մի ամբողջ դասակ, որին պետք էր կերակրել, օթևանով ապահովել:
Դժվար էր, անշուշտ, բայց հյուրընկալության ադաթը սուրբ է հայուհու համար: Որտեղի՞ց են կարողանում կանայք հնարամիտ դառնալ այդպիսի դժվարին պայմաններում: Քիչ ժամանակ անց մեզ կուշտ կերակրեցին: Գիշերելու տեղ էլ ճարեցինք և շուտով խոր քնի մեջ ընկանք: Մեր մեծ բանաստեղծը ուժասպառ պառկած էր գետնափոր խրճիթում, գետնին, խնամքով պատրաստած, տնային կարպետներից սարքած անկողնում:

***

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Հովհաննես Թումանյանի ծննդյան հիսնամյակի և իմ բեմական գործունեության երեսունհինգամյակի առթիվ Թիֆլիսի արտիստական ընկերության մեծ դահլիճում կազմակերպված էր շքեղ բանկետ:
Ըստ պապական սովորության ընտրվեց թամադա: Առաջին կենացը նվիրվեց Հովհաննեսին: Ինչ խոսք, որ ճառերին, գովասանքներին վերջ չկար: Ամեն ոք աշխատում էր արտահայտել յուր հրճվանքը մեծ բանաստեղծին:
Երկրորդ կենացն իմն էր: Ոչ պակաս ոգևորությամբ ընդունվեց նաև այդ կենացը, բայց մի բանով գերազանցեց, որովհետև յուր կենացի վրա բնականաբար չարտահայտվող Հովհ. Թումանյանը խոսեց իմ կենացի առթիվ: Ահա թե ինչ ասաց նա.
-Ես խմում եմ մի մարդու կենացը, որը մեր գրականությանը նվիրել է մի բանաստեղծ և փրկել է հայ թատրոնը մի անշնորհք դերասանից: Երիտասարդ էի, երբ ես ուզում էի դերասան դառնալ: Եկա թատրոն, էս կողմն ընկա, էն կողմն ընկա, մի կերպ երկու խոսքանոց մի դեր տվին ինձ: Ներկայացումից հետո ուրախ-ուրախ գնացի Հովհաննեսի մոտ ու հարցրի.
-Պարոն Աբելյան, ո՞նց խաղացի:
Նա հարցրեց.
-Դու ի՞նչ դեր էիր խաղում:
-Այսինչ դերը,- պատասխանեցի ես:
Հա~, էդ դու՞ էիր…-ասաց Հովհաննեսը ու սկսեց մտածել:
Իսկ իմ սիրտը բաբախում էր, անհամբեր պատասխանի էի սպասում:
-Գիտե՞ս ինչ, ա´յ տղա, մեղք ես, գնա մի ուրիշ գործով պարապիր, քեզանից դերասան չի դուրս գա:
Մենք մինչև հոբելյանն էլ լավ բարեկամներ էինք, բայց այդ օրվանից կրկնապատկվեց մեր բարեկամությունը: Ես միշտ կարծում էի, որ Հովհաննեսն ինձնից տարիքով մեծ է: Կյանքի հոգսերն անժամանակ ծերացրել էին այդ բարի մարդուն: Ես նրան նվիրեցի մի արծաթե սերվիզ, իսկ նա ինձ` Ֆ.Հոտենրոտի “История внейшней культуры” գիրքը հետևյալ մակագրությամբ.
Իրենց վաղանց կյանքի կեսին-
Հովհաննեսը` Հովհաննեսին:
Հովհաննես Թումանյան (Թիֆլիս, մարտի 9-ին)
Այժմ, երբ գրողը, արվեստագետը, գիտնականը այնպես բարձր են գնահատվում, Թումանյանը չկա…

***

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու:Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներին ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր և կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն…
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:

***

ԼԵՈ

…Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա (Маевский, «Закавказье»): Ասի` Օհանես, մի քանի օրով տուր տանեմ կարդամ, ետ բերեմ: Սովորաբար նա իր գրքերը տուն չէր տալիս, ինձ էս անգամ բացառություն արավ, տվեց: Տարա, սկսեցի կարդալ, տեսա, որ թերթերից շատերը դեռ կտրտված էլ չեն: Կարդացի, մի քանի օրից եկա մոտը: Խոսք ընկավ էդ գրքից, ասի` Օհանես, դու էդ գիրքը ո՞նց ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք, քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որը 
միանգամայն նոր էր ինձ համար: Ասի`Օհանես, էդ որտեղի՞ց գիտես, թե` հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել…Շատ ծիծաղեցինք…


Թումանյանի նամակը՝ Տերյանին


Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։
Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերի
մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։


Փարվանա

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
II


Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, էլ երկընքից
Վար կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…
III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:
— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:
IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
* * *

Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Իսկ այժմ եկ դիտենք մի մուլտֆիլմ որը գրել է Հովհաննես Թումայանը այդ մուլտֆիլմը կոչվում է Փարվանա ձեզ հաճելի դիտում:

Տես այստեղ

        Ո՞րն էր մուլտֆիլմի.
  • ամենաանսպասելի հատվածը
  • ամենահետաքրքիր հատվածը
  • ամենաանհետաքրքիր հատվածը 


                                                                                                                                 26.02.2015
Մայրը


Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
- Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։







Комментариев нет:

Отправить комментарий