2018-04-08

Պետրոս Դուրյան


Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը երկաթագործ էր և դժվարությամբ էր կարողանում հոգալ ընտանիքի ապրուստը: Վեց տարեկանում մանուկ Պետրոսն ընդունվում է Սկյուտարի ճեմարանը, որն ավարտում է 1867 թվականին:
16-ամյա պատանին փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան:
Դեռ ճեմարանական տարիներին նրա մեջ արմատ էր գցել գրականության նկատմամբ սերը, որին հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը: Աշխարհը պատանի Դուրյանի համար երգ էր, և նա չէր կարող ապրել առանց այդ երգի: «Բնությունն ամբողջ երգ մ'  է,- իր վերջին նամակում գրում է մահամերձ բանաստեղծը և շարունակում:- Ա՜հ, գեղեցիկ կյանք մ'ալ կա - սերն է այդ, «երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ». ա՜հ, ինչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք...»:  Ահա այդ կատարյալ կյանքին էր ձզտում բանաստեղծ պատանին, և նրա, իղձը մասամբ կատարվում է, եբբ կապվում է թատրոնի հետ: Ճիշտ է, այստեղ էլ բարքերը ճնշող էին, անհոգ ու անտարբեր դերասան-դերասանուհիների շրջապատում նա մենակ էր զգում իրեն: Երբեմն էլ իր հասցեին արված կատակներից պատառիկներ էին հասնում ականջին, որից շատ էր խոցվում նրա զգայուն սիրտը: Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն իսկապես լսել է թատրոնի ետնաբեմում:
Այս ամենով հանդերձ թատրոնում, այնուամենայնիվ, հոգևոր կյանք կար, որ մոտ էր բանաստեղծի սրտին: Թատրոնի համար Դուրյանը գրում կամ թարգմանում էր պիեսներ, որոնք բեմադրվում էին: Ներկայացումների ժամանակ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս դերակատարումներով: Շուտով նա հայտնի է դառնում որպես թատերագիր: Բայց որ նա ամենից առաջ հանճարեղ բանաստեղծ էր, շատերը չգիտեին: Դուրյանի բանաստեղծությունները գրասեր հասարակության համար անակնկալ հայտնություն են դառնում նրա վաղաժամ մահից հետո միայն:
1871թ. սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին ղրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»:
Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը: Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն:
Իսկ աննշան եթե մնա
Երկրի մեկ խորշն հողակույտն իմ,
Եվ հիշատակս ալ թառամի,
Ա՛հ, այն ատեն ես կմեռնի՜մ...

Պետրոս Դուրյանի վերջին երազը
Պահպանվել են վկայություններ Պետրոս Դուրյանի վերջին երազի մասին, որ նա տեսել է 1872 թ. հունվարի 21-ին` իր մահից երեք օր առաջ: «Այդ աղետալի գիշերեն երեք օր առաջ երազ մը կը տեսնի: Երեք քահանաներ կերևան իրեն, որոնք զինքը հարսանիքի կը հրավիրեն: Ու մահվան անկողնին մեջ, հիվանդը տխուր ժպիտով մը կը մեկնե այդ հարսանիքը, որ «վերը պիտի կատարվի»: Տարօրինակ զուգադիպությամբ մը իր հուղարկավորությանը երեք քահանաներ ներկա կը գտնվին»:
Իսկ Դուրյանի կրտսեր եղբայրը` Միհրանը բանաստեղծի մահվան գիշերն այսպիսի երազն է տեսնում. «…Կը տեսնե Պետրոսը, որ իր պարսկական շալը ուսերն առած, դանդաղորեն դեպի տուն կուգա: Միհրան քար մը կը նետե անոր ու կըսե. «Ինչու՞ գինովի պես կը քալես»: Եվ ահա Պետրոսը կապուտ աչքերով կնոջ մը կը փոխվի, որ վերմակներու առջև կը երկրպագե»:

Պետրոս Դուրյան <<Դրժել>>
Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։
Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մըթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
Որ կըշպարե դեմքը լուսնույն։
Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
Հուզեց ներա հոգին ու լանջ։
Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։

Комментариев нет:

Отправить комментарий